12/23/2007

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


   Վերլուծելով 1998-2007թթ. ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները` կարելի է հանգել այն եզրակացության, որ հստակ հակադրություն է դիտվում ոչ միայն Երեւանի եւ մարզերի, այլեւ առանձին մարզերի բնակչության ընտրական կողմնորոշումների միջեւ։
   Հետաքրքիրն այն է, որ հստակ հակադրություն է դիտվում հանրապետության հյուսիսի եւ հյուսիս-արեւմուտքի մարզերի (Լոռի, Շիրակ, Արագածոտն, մասամբ նաեւ Տավուշ) եւ հարավի (Վայոց ձոր, Սյունիք) մարզերի բնակչության ընտրական կողմնորոշումների միջեւ: Այսպես՝ Վայոց ձորը եւ հատկապես Սյունիքը հանդես են գալիս գլխավորապես որպես «հանրապետական» մարզեր, որտեղ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի, իսկ նախագահական ընտրություններում նրա կողմից պաշտպանվող թեկնածուների ստացած քվեների բաժինը գրեթե միշտ հասնում է 45-50%-ի, իսկ որոշ դեպքերում, օրինակ՝ 1998թ. նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերում ՀՀԿ-ի (եւ ոչ միայն) կողմից պաշտպանվող թեկնածուի` Ռ.Քոչարյանի ձայները Սյունիքում կազմեցին համապատասխանաբար 55% եւ 77%:
   Ընդ որում՝ այս երկու մարզերում նմանապես բարձր ցուցանիշներ են դիտվում նաեւ ընտրություններին ընտրողների մասնակցության դեպքում: Այսպես, օրինակ, 2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլում ընտրողների մասնակցությունը Վայոց ձորում կազմեց ավելի քան 70%, Սյունիքում՝ 74%, իսկ ահա 2007թ. խորհրդարանական ընտրություններում՝ Վայքում կազմեց 66%, իսկ Սյունիքում` 70%։
   Հյուսիս-արեւմուտքում եւ հատկապես Շիրակում դիտվում է հարավին հակառակ պատկեր։ Այս մարզերում (Շիրակ, Արագածոտն, Լոռի, մասամբ՝ Տավուշ) դիտվում է բնակչության ընդդիմադիր տրամադրությունների առավել բարձր մակարդակ, որի հետեւանքով ՀՀԿ-ի եւ նրա կողմից պաշտպանվող թեկնածուների ստացած քվեների բաժինը այստեղ տարբեր ընտրություններում տատանվում է 30-35%-ի սահմաններում, իսկ ՀՅԴ-ինը՝ 10-20%-ի սահմաններում: Ընդ որում՝ ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրություններում այս մարզերում դիտվում է ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշներ (հատկապես Շիրակում)։
   Եւ քանի որ վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում վերը նշված ցուցանիշներն ունեցել են հարաբերականորեն կայուն դրսեւորում, ապա շատ հավանական է, որ նույն միտումները կպահպանվեն նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում, որի ժամանակ ՀՀԿ-ի թեկնածուի օգտին կքվեարկեն առավելապես հարավի մարզերի (Վայոց ձոր, Սյունիք) ընտրողները, դրան հակառակ՝ ընդդիմադիր դաշտում հանդես եկող թեկնածուները (Ա.Բաղդասարյան, Ա.Գեղամյան, Լ.Տեր-Պետրոսյան) հարաբերականորեն մեծ հաջողություն կունենան հատկապես Շիրակում, Լոռիում, մասամբ` նաեւ Տավուշում եւ Գեղարքունիքում։
   Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ ե՛ւ Արագածոտնը ե՛ւ Արարատը վերածվել են ՀՅԴ-ի, այսպես կոչված, «բաստիոնի», որտեղ դաշնակցական էլեկտորատի բաժինը հասնում է 20-25%-ի:
   Ինչ վերաբերում է Կոտայքին, Գեղարքունիքին, Արմավիրին եւ Արարատին, ապա այստեղ բնակչության հիմնական մասի ընտրական կողմնորոշումները այնքան էլ հստակ չեն եւ առավել չափով ենթակա են քաղաքական կոնյունկտուրային: Կարծում ենք՝ առաջիկա նախագահական ընտրություններում Կոտայքի ընտրազանգվածը առավելապես կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, քանի որ այս մարզը, լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «բաստիոնը» (որտեղ վերջին խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ստացավ 35%, իսկ ՀՀԿ-ն՝ 23%), կապված ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն համաձայնագրի հետ, կաջակցի ՀՀԿ-ի թեկնածուին եւ դրանով իսկ իրեն «կդրսեւորի» ինչպես Վայոց ձորը եւ Սյունիքը:
   Ինչ վերաբերում է Երեւանին, որտեղ կենտրոնացած է ընտրողների շուրջ 32%-ը (ավելի քան 750 հազար ընտրող), ապա այստեղ դրսեւորվում է ընդդիմադիր տրամադրությունների բավական բարձր մակարդակ: Այսպես, օրինակ՝ եթե վերջին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն այստեղ ստացավ քվեների 27 տոկոսը, ՀՅԴ-ն մոտ 9%, ապա ԱՄԿ-ն, «Ժառանգությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, ՆԺԿ-ն, ՕԵԿ-ը միասին ստացան քվեների ավելի քան 30 տոկոսը: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ Երեւանում վերջին խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» ստացավ ավելի քան 12% քվե:
   Հատկանշական է այն փաստը, որ Երեւանում դիտվում է ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ վերջին խորհրդարանական ընտրություններում մոտ 53%:
 
ՀՈՒՍԻԿ ՂՈՒԼՅԱՆ

Հրապարակված է` 22.12.2007թ. "Հայոց Աշխարհ" թերթում 
http://www.armworld.am/detail.php?paperid=2157&pageid=70545&lang= 

ShareThis

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Related Posts with Thumbnails