7/04/2008

''ԸՆՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ'' ԳՈՐԾԱՌՆՄԱՆ ՌԵԳԻՈՆԱԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



     Այսօր շատերն են խոսում վերջին տասնամյակում մեր հանրապետությունում կայացած ընտրությունների օրինականության և ժողովրդավարության չափանիշերին համապատասխան լինել-չլինելու մասին, սակայն շատ քչերն են անդրադառնում ընտրական գործընթացներին` ընդհանրապես և ընտրությունների (քվեարկության) ռեգիոնալ առանձնահատկություններին` մասնավորապես: Վերջինս հնարավորություն է տալիս ոչ միայն օբյեկտիվ պատկերացում կազմել հանրապետության տարբեր շրջաններում ապրող բնակչության քաղաքական մշակույթի,քաղաքական կողմնորոշումների մասին, այլև բացահայտելու այն մեխանիզմը, որի գործառնումը ընտրությունից ընտրություն իշխող կուսակցության և վերջինիս առաջադրած թեկնածուի համար ապահովում է քվեների կայուն մակարդակ:

        Վերջին երևույթը, որի դեպքում իշխող քաղաքական ուժերն ընտրությունից ընտրություն իրենց  ''վերարտադրության'' համար ապահովում են քվեների անհրաժեշտ մակարդակ, հայտնի է  ''ընտրական մեքենա''  անվանումով: Ընդ որում, այդ ''ընտրական մեքենան'' յուրաքանչյուր երկրում ունի իր գործառնման ռեգիոնալ առանձնահատկությունները` պայմանավորված հիմնականում այդ երկրի ռեգիոնալ քաղաքական էլիտաների` դեպի կենտրոնական շխանության մարմիններն ունեցած լոյալության, ռեգիոնալ բիզնեսի ներկայացուցիչների` այս կամ այն թեկնածուի նկատմամբ կոնսոլիդացվածության աստիճանով և այլն: ՀՀ-ն ևս բացառություն չի կազմում: Եվ չնայած թվում է, թե մեզ մոտ ընտրական պրոցեսների քիչ թե շատ լուրջ վերլուծություն անհնար է` կապված մեր հանրապետության ընտրական պրոցեսների ոչ օրինականության հետ, սակայն պարզվում է, որ ՀՀ-ում գոյություն ունեն ''ընտրական մեքենայի'' գործառնման կայուն տարածքային առանձնահատկություններ: Այսպես, եթե փորձենք անդրադառնալ իշխանական այնպիսի ուժերի օգտին քվեարկության ռեգիոնալ առանձնահատկություններին, ինչպիսիք են ''Միասնություն'' դաշինքը` 1999թ. խորհրդարանական ընտրություններում, ՀՀԿ-ն` 2007թ. խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համապատասխանաբար 1998, 2003 և 2008թթ. նախագահական ընտրություններում, ապա կտեսնենք, որ ընտրությունից ընտրություն այդ ուժերի օգտին քվեարկության աշխարհագրությունը եղել է գրեթե նույնը: Այսինքն, Շիրակից դեպի Սյունիք աճել է այդ ուժերի օգտին քվեարկության մակարդակը: Այս միտումը, մասամբ պայմանավորված լինելով օբյեկտիվ գործոնների ազդեցությամբ, մեզ մոտ առաջացնում է հետևյալ հարցադրումը. արդյո±ք սա չէ այն տարածական սխեման, որով գործառնում է Հայաստանում ձևավորված ''ընտրական մեքենան'', որի բովանդակությունը կայանում է նրանում, որ հանրապետությունում Շիրակ-Սյունիք ուղղությամբ աճում են ընտրությունների ընթացքում իշխանական ռեսուրսների կիրառման և ընտրազանգվածի վերահսկման հնարավորությունները:


Նկար 1




 



         Այս հարցադրումն ավելի հիմնավոր է դառնում, երբ վերը նշված քաղաքական ուժերի (''Միասնություն'', ՀՀԿ, Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան) օգտին քվեարկության արդյունքները համեմատում և համադրում ենք այդ ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշերի ռեգիոնալ պատկերի հետ (տես` նկ.նկ. 1,2,3): Այս ցուցանիշերի փոխկախվածություն և վերջինս լոկ պատահականություն լինել չի կարող, քանի որ յուրաքանչյուր ընտրության ընթացքում իշխանական ռեսուրսները կիրառվում են ոչ միայն համապատասխան թեկնածուի հաղթանակի համար քվեների անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար, այլ նաև ընտրություններին ընտրողների մասնակցության որոշակի մակարդակ ապահովելու նպատակով, և հաճախ այս երկուսն ընթանում են միաժամանակ: Ահա ևս մի փաստ, որն ուղղված է հիմնավորելու մեր կողմից առաջ քաշված այն վարկածը, որ ՀՀ-ում առկա է ''ընտրական մեքենայի'' գործառնման խիստ որոշակի կայունությամբ գործող տարածական սխեմա:

 Նկար 2
Նկար 3
 
       Սակայն կարող ենք նշել նաև. հավանական է, որ այս վերը նշված քաղաքական ուժերի օգտին քվեարկության տարածական առանձնահատկությունները և ընտրություններին բնակչության մասնակցության ռեգիոնալ առանձնահատկություններն այդ իսկ տարածքների բնակչության քաղաքական մշակույթի և քաղաքական կողմնորոշումներում առկա տարբերությունների արդյունք են, երբ Շիրակ-Սյունիք ուղղությամբ աճում է իշխանական ուժերի նկատմամբ ընտրողների լոյալության աստիճանը և նվազում քաղաքական ապատիայի մակարդակը:

Սակայն վարկածի հիմնավորմանն է գալիս նաև այն փաստը, որ համապետական ընտրություններում ՀՅԴ օգտին քվեարկության մակարդակն Արագածոտնում բարձր է միջին համապետական ցուցանիշերից, և այս մարզը ''շեղվում է'' նաև ընտրություններին բնակչության մասնակցության դեպքում, մասնավորապես, այստեղ դիտվում է ընտրություններին բնակչության մասնակցության համապետական միջինից բավական բարձր մակարդակ: Եվ եթե հաշվի առնենք այս մարզում դաշնակցական մարզպետի առկայությունը, ապա այստեղ ևս կարելի է խոսել ընտրությունների ընթացքում ռեգիոնալ մակարդակով վարչական ռեսուրսի ու լծակների կիրառման մասին, որի նպատակն է եղել համապատասխան ուժերի համար քվեների և ընտրողների մասնակցության որոշակի մակարդակի ապահովումը:
            
       Այստեղ մենք փորձեցինք անդրադառնալ Հայաստանում համապետական և ռեգիոնալ մակարդակներում ընտրությունների ընթացքում գործող ''ընտրական մեքենայի'' գործառնման առանձնահատկություններին, չանդրադառնալով լոկալ մակարդակին: Եվ չնայած այս հրապարակման սահմաններում անհնար էր դա իրականացնել, կարծում ենք, այնուամենայնիվ, վերը շարադրվածը, թեկուզ և խիստ ընդհանրական ձևով, փոքր-ինչ ''լույս սփռեց'' հայաստանյան ''ընտրական մեքենայի'' գործառնման մեխանիզմների որոշ ''մութ'' կողմերի վրա: Մենք այս հրապարակման մեջ ապահովեցինք առավել հավասարակշռված մոտեցում, և չպետք է մոռանալ, որ անգամ ժողովրդավարության ''դրոշակակիր'' բազմաթիվ երկրներում ևս գոյություն ունի ''ընտրական մեքենա'' կոչվող երևույթը` իր գործառնման որոշակի սկզբունքներով և ռեգիոնալ առանձնահատկություններով£ Շատ հաճախ այս երևույթը տվյալ երկրի քաղաքական համակարգի կայունության, ինքնակարգավորման ու ինքնակազմակերպման կարևորագույն մեխանիզմներից մեկն է լինում:

Հուսիկ Ղուլյան

Հրապարակված է`04.08.2008թ. ''Իրավունքը de-facto'' թերթում




ShareThis

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Related Posts with Thumbnails